Խորհրդարանական ընտրությունները լուրջ գործ են, բարդ աշխատանք մասնակիցների համար, իսկ հասարակությա՞ն: Պետք է, չէ՞, որ մեկը հասարակությանը զվարճացնի, թեթևացնի քաղաքական ուժերի ու դաշինքների ներքին ու արտաքին բախումների, սկանդալների, տարաձայնությունների, ցուցակների ու ցուցակներից դուրս մնացածների տառապանքների ծանր տպավորությունը: Այդ անշնորհակալ գործը արդեն որերորդ ընտրություններում ստանձնում է Պարույր Հայրիկյանը՝ այդպիսին է նրա ազգային ինքնորոշումը, այդպես է նա միավորվում ու հեռանում քաղաքական ուժերից, բայց ո՞ւր կհեռանաս ինքդ քեզնից: Ոչ մի տեղ՝ ապացուցում է Պարույր Հայրիկյանը որերորդ անգամ: Պարույր Հայրիկյանը մինչև ուղնուծուծը հավատարիմ է ինքն իրեն, իսկ հավատարմությունը պահանջում է զոհողություններ յուրաքանչյուրից: Պարույր Հայրիկյանի պարագայում դա այս ընտրություններում դրսևորվեց լրիվ. Օհանյան-Օսկանյան զույգի հետ նրա նպատակային դաշինքը լուրջ ընդունողները քննադատեցին՝ օրինական հարցեր տվեցին, թե ի՞նչ գործ ունի ինքնորոշման երդվյալ կողմնակիցը ռուսահետ ուժերի հետ: Հայրիկյանը դիմացավ ու դիմադրեց, իսկ երբ եկավ անտառապետը, սկսեց օրումեջ հայտարարել՝ դուրս եմ գալիս, վերադառնում եմ, դուրս կգամ, վերադարձա: Բայց՝ հեռացավ: ՈՒ որովհետև ոչ մի ընտրություն Հայաստանում առանց Պարույր Հայրիկյանի օրինական չի լինի, նա մտածեց, քննարկեց ու տեսավ, որ մնացել է «Ելքը»: ՈՒ հայտարարեց՝ ԱԻՄ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ելք»-ի հետ:
Հայտարարեց ու հիմնավորեց՝ կուսակցության արտահերթ նիստում որոշումն ընդունվեց ձայների 11 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: «Ելքը» մամուլից իմացավ իր «համալրման» մասին ու զարմացավ: Տրամաբանորեն՝ արդեն հայտարարել էր ցուցակի առաջին եռյակի ու կառուցվածքի մասին, բացատրել էր՝ «Ժառանգությանն» ինչպես ու ինչու չընդունեց, ուրիշ ում և ինչու չի ընդունի, ու այդքանից հետո, երբ ֆիզիկական ժամանակ էլ չկա, «ԱԻՄ նախագահությունը քննարկեց ու որոշեց, որ ներկա պայմաններում նպատակահարմար է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա ընթացքում լուծելի չեն»: ՈՒ ի՞նչ: Ոչինչ: «Ելքը» պատասխանեց. «Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017-ի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ ԿԸՀ ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը: Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ»:
Դարձյալ տրամաբանորեն՝ հարցը պիտի համարվեր սպառված: Սխալվում են բոլոր այդպես մտածողները, նրանք վատ են ճանաչում Պարույր Հայրիկյանին: Իսկ ո՞ւր մնաց ուրախությունը, ո՞ւր մնացին նախընտրական անեկդոտները: ՈՒ Պարույր Հայրիկյանը լրացնելու համար այդ բացը՝ արձագանքեց. «ԵԼՔ»-ը մեծագույն սխալ է գործում՝ ԱԻՄ-ին դաշինքի կազմ չընդգրկելով, այդ դաշինքում աշխատել չգիտեն. «ՈՒրեմն ԿԳԲ-ն ասել է՝ Հայրիկյանը չլինի: Իրենք էլ ինքնասպանություն են գործում»։ Բայց համենայն դեպս՝ ասաց, որ իրենք դեմ էին ընտրություններին մասնակցելուն, ուղղակի ընտրողներն են հորդորել դիմել «ԵԼՔ»-ին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե «Ելքը» ինքնասպանություն չգործի, պիտի շնորհակալություն հայտնի ուղղակի ընտրողներին՝ կողմնորոշման, իսկ Պարույր Հայրիկյանին՝ գովազդի համար: Նա համենայն դեպս նաև հայտարարեց, որ եթե ինքը չորրորդը լիներ, իր համար խնդիր չէր, բայց ԱԻՄ-ականները իրենց նսեմացած կզգային: Փաստորեն, «Ելքը» փրկեց ԱԻՄ-ականներին նսեմացումից, որ չգիտես ինչու չէին նսեմանում, երբ ինքնորոշման գաղափարը գրպանը դրած՝ նպատակային քննարկումներ էին վարում Օհանյան-Օսկանյան զույգի հետ, որ ի վերջո իրենց ուղարկեց հանգստի: Գուցեև ԿԳԲ-ի մեղքով: